Իրաքի դեմ պատերազմի համար Թուրքիայի տարածքում գտնվող բազաները Պենտագոնին տրամադրելու Անկարայի մերժումը հանգեցրել է ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հակասության: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Թուրքիայի խորհրդարանն այդ հարցը պետք է քննարկեր այսօր, սակայն քվեարկությունը հետաձգվել է անորոշ ժամկետով: Թուրքիայի վարչապետ Աբդուլլա Գուլը հայտարարել է, որ նախապես պետք է մշակվի թուրքական տարածքում ամերիկյան զորքերի տեղակայման մանրամասն ծրագիր: Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ նկատվող հակասությունը դիտորդներից շատերը գնահատում են որպես ռազմական գործողության ժամկետը երկարաձգելու Թուրքիայի փորձը: Միեւնույն ժամանակ, որոշ տվյալներով, Անկարան ձգտում է իրեն ֆինանսական օգնության ցուցաբերման գրավոր երաշխիքներ ստանալ Վաշինգտոնից` հաղթահարելու համար տնտեսական դժվարությունները, որոնք կառաջանան հարեւան Իրաքում պատերազմի հետեւանքով: