Ռեգիոն հետազոտական կենտրոնը Հայաստանից ու Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը Ադրբեջանից Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսավորմամբ նախաձեռնել են հայ-ադրբեջանական համատեղ ինտերնետ հարթակի ստեղծումը: www.publicdialogues.info կայքի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ Երևանում, 2 օրից Բաքվում է լինելու: Կայքը գործարկվել է սեպտեմբերի 18-ին :
«Մեծ Բրիտանիայի կառավարությունը փորձում է ֆինանսավորել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն համատեղ շփումներին: Այս ծրագրի խնդիրը փաստարկված տեղեկատվության բացը լրացնելն է: Համացանցը պետք է դառնա հարթակ այն մարդկանց համար, ովքեր ուզում են գործակցել», – ասաց ՀՀ-ում ՄԲ արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը:
«Մենք վաղուց ենք համագործակցում Ադրբեջանի տարբեր կազմակերպությունների, լրագրողների, փորձագետների հետ : Ժամանակն էր հայ-ադրբեջանական այս կայքն ունենալ, որտեղ ցույց կտայինք մեր աշխատանքի արդյունքները: Բոլոր աշխատանքները զուգահեռ են ընթանում: Տարբեր կարծիքներ են հնչում: Բացասականները ստերիոտիպերի շրջանակում են», – ասաց Ռեգիոն հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի պատերազմի և խնդրի մասին շատ քիչ անդրադարձ կա: Կայքում ներկայացված են համատեղ քննարկումներ, հարցազրույցներ, օրինակ, Հայաստանում և Ադրբեջանում միգրացիայի, աշխատանքի, Վրաստանում` իշխանափոխության դասերի մասին:






