Հայ-ռուսական հարաբերություններն անհրաժեշտ է կենտրոնացնել տնտեսության զարգացման վրա: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` տվյալ ուղղությամբ առաջին քայլերն արվել են մի քանի տարի առաջ, եւ վերջին տարիներին մեխանիզմներ են մշակվել այդ կապերի զարգացման ուղղությամբ: «Մենք այժմ պարզ պատկերացնում ենք, որ այստեղ գոյություն ունի ոչ լիովին օգտագործված մեծ ներուժ եւ այդ ուղղությամբ կա իրական զարգացման հեռանկար»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության շրջանակներում 2002 թվականին Հայաստանի խորհրդարանը հաստատել է համաձայնագիր` ՌԴ-ին Հայաստանի 93 մլն դոլարի չափով պարտքի մարման դիմաց որպես սեփականություն հանձնել 5 հայկական ձեռնարկությունների արժեթղթեր: