AM
18 Հունվար 2013 - 11:34 AMT

Ֆիլմի պրեմիերա. «Անի». Վերականգնումներ հանուն յուրացման

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը ներկայացրել է «Անի» վավերագրական ֆիլմը: 1918-20թթ. Բագրատունյաց մայրաքաղաք Անին Կարսի մարզի հետ ներառվում է Հայաստանի Հանրապետության կազմի մեջ, սակայն 1920թ. հոկտեմբերին Անին և Կարսի մարզն ամբողջությամբ կրկին զավթում են թուրքերը: Մեկ տարի անց առանց հայկական կողմի համաձայնության բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Կարսի պայմանագրով մարզը բռնակցվում է Թուրքիային:

Դրանով ընդհատվում են Անիում շուրջ քառորդ դար իրականացված հնագիտական ուսումնասիրությունները: Քայքայվում, անհետանում են պեղումների շնորհիվ բացված, բայց անտերության մատնված մեծաթիվ նյութեր՝ վիմագիր արձանագրություններ, ճարտարապետական և զարդաքանդակ բեկորներ, զանազան կառույցների առանձին հատվածներ և հնագիտական իրեր:

Տևական ընդմիջումից հետո՝ սկսած 1990-ական թվականների վերջերից, Անիում առանց հայ մասնագետների մասնակցության հնագիտական պեղումներ, ինչպես նաև հուշարձանների մասնակի կամ ամբողջական ամրակայման և վերականգնման աշխատանքներ են իրականացնում թուրք մասնագետները: Սակայն ակներև է, որ այդ աշխատանքները մեծ մասամբ իրականացվել են և այժմ էլ շարունակվում են հուշարձանների վերականգնման գիտական նորմերի անտեսմամբ և, առավել ցավալի է, հաճախ նաև յուրացման ակնհայտ միտումներով:

«Անի» ֆիլմը պատմում է Բագրատունյաց մայրաքաղաքի պատմական հուշարձանների մասին: