AM
18 Հունվար 2013 - 12:54 AMT

Հայտարարվում է «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհրդանշանի և կայքէջի մրցույթ

ՀՀ մշակույթի նախարարությունը և Գյումրիի քաղաքապետարանը հայտարարում են «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհրդանշանի ընտրության մրցույթ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Մշակույթի նախարարությունից:

Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով՝ գունավոր ու սև-սպիտակ տարբերակներով, էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև 50×60 սմ ստվարաթղթի վրա: Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել «նշանաբանով»: Ներկայացված աշխատանքին կցվում է փակ ծրար` նույն նշանաբանով, որում պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն և հեռախոսահամարները:

Խրախուսվում է նույն խոր¬հրդանշանի տարբերակների ներկայացումը տարբեր նյութերի վրա (ծրար, ձևաթուղթ, գովազդ և այլն):

Առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի կողմից. հավանության արժանացած տարբերակը կհանդիսանա «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի խորհրդանշան:

Լավագույն աշխատանքների համար սահմանված է մրցանակ՝ 150 000 դրամ: Հայտերն ընդունվում են մինչև 2013 թ. փետրվարի 15-ը:

ՀՀ մշակույթի նախարարությունը և Գյումրիի քաղաքապետարանը հայտարարում են նաև ծրագրի կայքէջի ձևավորման և գործարկման մրցույթ: Կայքէջը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին, լինի եռալեզու, ունենա անվտանգության համակարգ, տեղեկատվությունը դյուրացված կարգով փնտրելու և ներբեռնելու , ինտերակտիվ հաղորդակցության հնարավորություն, գլխավոր էջ, նավի-գացիոն և մուլտիմեդիա համակարգ, համապատասխան տեխնիկական ապահովում և սպասարկում:

Ներկայացված աշխատանքին կցվում է հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն և հեռախոսահամարները: Առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի կողմից և, հավանության արժանացած տարբերակը կդառնա «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական կայքէջը: Հայտերն ընդունվում են մինչև 2013 թ. փետրվարի 20-ը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում և Գյումրիի քաղաքապետարանում:

2012 թ. դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Գյումրին հայտարարվել է 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը մեկնարկել է 2010 թ. ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի և ԱՊՀ հումանիատար համագործակցության միջպետական հիմնադրամի նախաձեռնությամբ: