Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ, հունվարի 19-ին Հայ առաքելական եկեղեցու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվել է Թբիլիսիի հայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Այս մասին PanARMENIANJ.Net-ին հայտնում են Վիրահայոց թեմի մամլո դիվանից:
Ցուցահանդեսին ներկայացված են յոթ տասնյակից ավելի լուսանկարներ. անվանի դերասանների ու հասարակական գործիչների, պատմական և ճարտարապետական անկրկնելի կոթողների պատկերներ: Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել լուսանկարիչներ Յուրի Մեչիտովը, Ռուբեն Ռուխկյանը, Յուրի Ակուլյանը, Վալերի Հունանյանցը, Արթուր Մանուկյանը, Յուրի Տերտերովը, Եսայի Աբովյանը, Նիկ Ակոպովը, Իրինա Թադևոսովան, Մայա Դեյսաձեն և այլոք:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի մշակույթի նախարարի խորհրդական Յուրի Մեչիտովը , նկարիչներ Ջիովաննի Վեփխվաձեն, Ռոման Սոլողաշվիլին և այլոք:
Բացելով ցուցահանդեսը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը կարևորել է լուսանկարչության դերը պատմությունը պահպանելու ու գեղեցկությունը փոխանցելու գործում:
Խոսելով հայ լուսանկարիչների Թբիլիսիում լուսանկարչության զարգացման գործում ունեցած ներդրման մասին, Վրաստանի նախարարի խորհրդականը տեղեկացրել է, որ շուտով կհրատարակվի Վրաստանում լուսանկարչության զարգացմանը նվիրված 750 էջանոց հետազոտական աշխատությունը:
Բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը հիշեցրել է 80 տարուց ավելի գործող «Մնջոյան ֆոտոատելիեի» մասին, որի շնորհիվ մեզ են հասել պատմական շատ կառույցների լուսանկարները:
Թբիլիսիի հայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունվարի 25-ը: