«Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովն այսօր լրագրողների հետ հանդիպումը սկսեց քիչ առաջ նախագահից ստացած Պատվո շքանշան ցուցադրելով՝ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, կինոարվեստի բնագավառում երկարամյա և բեղմնավոր գործունեության համար: Պատմեց, որ հանրապետության ղեկավարի հետ զրուցել են Արցախի, կինոարտադրության ոլորտում հայ-ռուսական գործակցության մասին:
«Ռուսական կինոարտադրության 60 տոկոսը հայերի ձեռքում է»,-կատակեց Շահնազարովն ու ավելացրեց. «Հայկական կինոյի ամենաիրական շուկան Ռուսաստանն է և այդ ուղղությամբ պետք է աշխատել: Հայաստանը փոքր երկիր է՝ փոքրաթիվ բնակչությամբ, իսկ կինոն շուկա է պահանջում: ԽՍՀՄ տարիներին այդ խնդիրը չկար»: Կարեն Շահնազարովը չբացառեց նաև Արցախի մասին ֆիլմ նկարահանելու հավանականությունը. «Կոնկրետ գաղափար չկա, բայց ժամանակ առ ժամանակ մտածում եմ դրա մասին, հնարավոր է՝ առաջիկայում աշխատեմ այդ ուղղությամբ»:
Իսկ մինչ այդ՝ վաղը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ավելի ուշ այն ցուցադրվելու է նաև հեռուստատեսությամբ: Ֆիլմը ռազմական թեմայով է, բայց առանձնահատկությունն այդքանով չի սահմանափակվում:
«Ռազմական թեմայով կինո նկարելը իսկական արկած է, ծանր աշխատանք: Այլ բան է 4-5 դերասանով մի սենյակում նկարահանումը, մեկ այլ բան՝ միանգամից 40-50 տանկով տեսարանը:Ֆիզիկական մեծ աշխատանք է պահանջվել: Ինչքան մեծանում, այնքան հասկանում էի, որ դա պետք է անել հենց հիմա: Այս ֆիլմում ես ոչ թե ֆորմալ պրոդյուսեր եմ, ինչը հաճախ պատահում է, օրինակ, խնդրում են անունս լուսագրում գրել, այստեղ ես իսկական պրոդյուսերն եմ: Աշխատել եմ սկզբից մինչև վերջ»,-ասաց Շահնազարովը:
Նա նշեց, որ պատերազմներն անցնում են, նոր սերունդ է գալիս և այդ նոր սերունդը նոր մոտեցումներ է ունենում, որոնք հետաքրքիր են ու լավ կինոյի նոր գաղափար են դառնում: