AM
23 Հունվար 2013 - 07:47 AMT

Վատ հանդիսատես չի լինում. Այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

1923 թվականի այս օրն է ծնվել դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը, ով ավելի հայտնի է կատակերգական ժանրում իր կերտած դերերով: Նա նվել է Թիֆլիսում: Բեմական գործունեությունը սկսել է Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում: 1944թ. տեղափոխվել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: 1949թ.-ից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ապա` հեռուստաթատրոնում: Նրա խաղացած ավելի քան 100 դերերը միշտ ծիծաղ են պարգևել հանդիսատեսին: 50 անգամ խաղացած «Տաքսի-տաքսի» ներկայացումը 51-րդ անգամ ընթացել է լեփ-լեցուն դահլիճում: Խաղացել է «Պատվի համար», «Ճանապարհ դեպի կրկես», «Ատամնաբույժն արևելյան» և այլ ֆիլմերում:

Թատերական դերերից են` Բոնի` «Սիլվա», Ալդեմարո` «Պարերի ուսուցիչը», Տոնի` «Կրկեսի իշխանուհին», Պենիժեկ` «Մարիցա», Ստեֆան` «Գնչուների բարոն», Նապոլեոն` «Բայադերա», Հիգինս` «Իմ չքնաղ լեդի», Ֆիլիպ` «Ազատաշունչ հողմը», Իվան` «Ծաղրածուի որդին», Սուսիկ` «Տրեմբիտա», Սուրեն` «Մեծ հարսանիք», Գուրգեն` «Աղբյուրի մոտ», Ղարա` «Կապկալ թամաշ», Սոկրատ` «Սեր աստղերի տակ», Տոնինո և Ձանիետո` «Վենետիկյան երկվորյակներ», Սոկրատ` «Սեր աստղերի տակ», Սկապեն` «Սկապենի արարքները», Թոդորոս` «Պահանջվում է ստախոս», Դոն Կիխոտ` «Լամանչեցի մարդը», Կնյազ` «Տաքսի, տաքսի» և այլն:

Խաղացել է դասական գրեթե բոլոր օպերետներում: 13 բեմադրության հեղինակ է: Մահացել է 1998 թվականին:

Կարպ Խաչվանքյանը համոզված էր, որ վատ հանդիսատես չի լինում: Նա մի առիթով ասել է. «Վայ այն թատրոնին, որ չունի դերասան: Դերասանի համար պիտի գան թատրոն, տոմսարկղի մոտ պետք է հարցնեն` այսինչը խաղու՞մ է:

Ասում են` վատ հանդիսատես ունենք: Ըստ իս` վատ հանդիսատես չի լինում, լինում է վատ դերասան, վատ ներկայացում: Իտալիայում վատ երգիչների համերգի ժամանակ հանդիսատեսը աղմկում է և նեխած պոմիդորներ նետում բեմ: Դա վատ հանդիսատես չէ, այլ հանդիսատես, որ կարողանում է գնահատել իսկական արվեստը: Նույն հանդիսատեսը ծափեր ու ծաղիկներ է շռայլում լավ երգչին»: