Բիլ Քոնդոնի նախկինում անանուն նախագիծն այժմ արդեն անվանում ունի և հայտնի է թողարկման ամսաթիվը: Ֆիլմը կկոչվի «Հինգերորդ իշխանություն» (The Fifth Estate), այն վարձույթում կհայտնվի այս տարվա նոյեմբերի 15-ին, հաղորդում է Kinomania-ն: Ֆիլմի նկարահանումներն արդեն մեկնարկել են:
Սցենարիստ Ջոշ Սինգերը ներկայացնում է Ջուլիան Ասանժին, ով հիմա բնակվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որպես վեհանձն ասպետի, ով անտարբեր չէ հասարակության կյանքի նկատմամբ: Հետագայում Ասանժի իշխանությունն այնքան կպտտեցնի նրա գլուխը, որ նա կդառնա գրեթե պարանոիկ` համակված «տեղեկատվական պատերազմում» հաղթանակի գաղափարով: Ֆիլմի անվանումն ընտրել են` ղեկավարվելով ժամանակակից լրագրողական փոխաբերությամբ. այժմ «հինգերորդ իշխանություն» են անվանում էլեկտրոնային ԶԼՄ-ները, («չորրորդ իշխանությունը» տպագիր մամուլն է, երրորդը` իշխանության դատական ճյուղը, երկրորդը` գործադիր, առաջինը` օրենսդիր):
Ջուլիան Ասանժի դերն անցած աշնանը ստացել է Բենեդիկտ Կամբերբետչը, նրա համախոհ Դանիել Դոմշայթ-Բերգի դերում հանդես կգա Դանիել Բրյուլը: