AM
27 Հունվար 2013 - 12:05 AMT

Տիգրան Մանսուրյանն այսօր նշում է 74-ամյակը

1939 թվականի այս օրն է ծնվել հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը: Մանսուրյանը ծնվել է Բեյրութում։ Հայաստան տեղափոխվել է 1940-ականների վերջին: Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա 1960-1965-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում`Ղազարոս Սարյանի դասարանում:

Մանսուրանի ստեղծագործությունները տարբեր ժանրերի են: Գրել է սիմֆոնիկ երկեր, սոնատներ: Գրել է երաժշտություն կինոյի համար: Նրա երաժշտությունն է հնչում «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ճերմակ անուրջներ» և բազմաթիվ այլ ֆիլմերում:

Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների համերգային դահլիճներում:

Մանսուրյանն արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին, ՀԼԿԵՄ ՀՀ Պետական և ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակների և ՀՀ Մեսրոպ Մաշտոցի, Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանների: ՀՀ Վահան Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր է: