Ուսանողության եւ երիտասարդության համահայկական «Բազե» փառատոնը հուլիսի 30-ին հանդիսավորությամբ բացվեց մայրաքաղաքի Ազատության հրապարակում: Փառատոնին մասնակցում է շուրջ 2000 երիտասարդ: «Մենք կարեւորում ենք հայրենաբնակ ու սփյուռքահայ երիտասարդության համախմբման գործն իբրեւ համազգային ներուժի կազմակերպման ու բացահայտման բաղադրիչ, ուստի առանձնահատուկ ուշադրությամբ ենք հետեւում դրա ընթացքին: Ուրախ եմ, որ փառատոնը հետեւողականորեն ընդլայնում է իր աշխարհագրությունը` ընդգրկելով նորանոր գաղթօջախներ ու մեծաթիվ մասնակիցներ: Համոզված եմ, որ փառատոնի ծրագրի հագեցվածությունն ու բազմազանությունը բազեականներին հնարավորություն կընձեռեն դրսեւորել իրենց ունակություններն ու գիտելիքները, ինչպես նաեւ հարստանալ նոր ծանոթություններով ու տպավորություններով: «Բազե»-ին մաղթում եմ բարձր թռիչք, փառատոնի մասնակիցներին` ուրախ եւ ուսանելի օրեր»,- ասված էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի` բազեկաններին հղած ուղերձում: Փառատոնը կշարունակվի մինչեւ օգոստոսի 5-ը: