«Բոլորը գնում են Երևան». Հունիսի 12-ի առավոտյան Հայաստան է ժամանելու մոտ 500 անվանի մարդ` գիտնականներ, մշակույթի գործիչներ`նպաստելու աշխարհի ժողովուրդների միջև հաղորդակցությանը: Այսօր ասուլիսի ժամանակ լուրը հայտնեց «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» նախաձեռնության համահիմնադիր Արման Սաղաթելյանը՝ նշելով, որ սպասվող միջոցառման գաղափարը ոչ միայ իրենն է, այլև նույն առաքելության հիմնադիրներից էստոնացի Մելիս Կուբիտսինը:
«Երկու տարի առաջ մենք Բելառուսում հանդիպեցինք և հայտնաբերեցինք մի պարզ ճշմարտություն, որ թեև կա հետարքրքություն պետությունների միջև, բայց այս 20 տարվա ընթացքում, անկախությունից հետո, երկու երկրների ժողովուրդները չեն շփվել: Մենք Սովետական Միության այն վերջին սերունդն ենք, որոնք այցելել են ու շփվել տարբեր ազգերի հետ»,-ասաց Արման Սաղաթելյանն ու ավելացրեց որ այսօրվա երիտասարդությունը այլ ազգերի հետ շփվելու հնարավորություն գրեթե չի ունենում:
Մելիս Կուբիտսը նշեց է, որ հյուրերի գերակշռող մասը Երևան է ժամանելու իր հայրենի էստոնիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: «Նրանք Հայաստանում կլինեն հունիսի 12-ին: Մենք ուզում ենք ավելի լավ ճանաչել իրար: Տասնյակ տարիներ առաջ և նույնիսկ մի քանի հարյուր տարի առաջ մեր ժողովուրդներն ավելի շատ էին միմյանց հետ շփվում»,– ասաց նա` ընդգծելով.«Սա բացառապես քաղաքացիական նախաձեռնություն է: Մենք ակնկալում ենք ջերմ հյուրընկալություն»:
Նախաձեռնությանն աջակցում են Հայաստանի և Էստոնիայի Արտաքին գործերի նախարարությունները: Միջոցառումները մեկնարկելու են հունիսի 12-ին: Այդ օրը Երևանի Ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի կունենա Միխայիլ Ժվանեցկիի համերգը, որը Հայաստանում չի եղել 25 տարի, նկարիչ Դովլաթովի աշխատանքների ցուցահանդեսը` Դովլաթովի օրեր են անցկացվելու: 5 օրվա ընթացքում 20 ամենատարբեր միջոցառում է կազմակերպվելու: Ներկայացվելու է նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» թարգմանությունը:
Նախաձեռնությանն արդեն անդրադարձել են նաև ռուսական լրատվամիջոցները` ուշադրություն դարձնելով հատկապես այն հանգամանքին, որ էստոնացի հյուրերը, նոր օրենքի ընդունումից հետո, Հայաստան կգան առանց նախկինում թանկ արժեցող վիզայի համար վճարելու կամ այլ դժվարությունների: Հայ և էստոնացի ժողովուրդների բարեկամության համատեքստում ուշադրության է արժանացել Խաչատուր Աբովյանի` Էստոնիայում սովորելու փաստը: Նախորդ տարի «Ժողովրդական դիվանագիտության առաքելության» նախաձեռնությամբ «Տալինը գնացել էր Օդեսա», իսկ դրանից հետո` «Օդեսան` Տալին»:






