Անդրկովկասի երկաթուղու աբխազական հատվածի ապաշրջափակումը առավելապես կախված է Ռուսաստանից, այլ ոչ թե Արեւմուտքից: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իրակլի Մենաղարիշվիլին` ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթի խնդրանքով մեկնաբանելով մի շարք դիտորդների արտահայտություններն այն մասին, թե Արեւմուտքը շահագրգռված չէ, որ Ռուսաստանը տրանսպորտային հաղորդակցություն ունենա Վրաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի հետ: Ընդ որում նա կրկին հնչեցրել է պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ, այն է` Աբխազիայի կարգավիճակի որոշման եւ Գալիի շրջան վրացի փախստականների վերադարձի գործընթացը սկսելու առաջնայնությունը: Նախարարը ընդգծել է, որ Թբիլիսիյում հավատում են Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների Սոչիյում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը` Աբխազիայի տարածքով երկաթուղու բացման, փախստականների վերադարձի, Ինգուրի-ՀԷԿ-ի վերականգնման վերաբերյալ: «Այլապես այդ ամենի մասին խոսք անգամ չէր լինի»,-ասել է նա: