Միակ բանը, որ ՆԱՏՕ-ն առաջարկում է Հայաստանին, համագործակցությունն է, որին հանրապետությունը, իհարկե, գնում է: Այդ մասին «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պատրաստ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությանը մի քանի պատճառներով` առաջինն այն է, որ ՆԱՏՕ-ն Եվրոպայում անվտանգության առավել լուրջ համակարգ է: Բացի այդ, վերջին տարիներին ակնհայտ է Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի շահերի մերձեցումը:«Մեզ համար կարեւոր է համագործակցությունը հանուն մեր զինված ուժերի արդիականացման»,- նշել է նախարարը: Նրա խոսքերով, Հայաստանի անվտանգության համար անհրաժեշտ պայմաններն են` հանրապետության զինված ուժերի բարձր մարտունակությունը, Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցությունը, իսկ հետո արդեն համագործակցությունը հավաքական ոլորտում, այդ թվում` ՆԱՏՕ-ի հետ: «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում դրված չէր եւ դրված չի ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցը»,- ընդգծել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: