AM
4 Փետրվար 2013 - 13:21 AMT

ՀՀ նախագահությունը ԵԽ նախարարների կոմիտեում կնպաստի Երևանի և Ստրասբուրգի միջև համագործակցության զարգացմանը

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:

Արթուր Բաղդասարյանը նախ շնորհավորել է O. Պավլյուկին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` մաղթելով արգասաբեր աշխատանք, ապա վստահություն հայտնել, որ Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցությունը հետայսու ևս արդյունավետ ընթացք կունենա և Պավլյուկի գործունեության ընթացքում կշարունակվի առաջընթացը համատեղ ծրագրերի իրականացման գործում, ասվում է ԱԱԽ հաղորդագրության մեջ:

Արթուր Բաղդասարյանը կարևորել է ԵԽ Գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ առավել սերտ համագործակցությունը մայիսին մեկնարկող Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչն ընդգծել է, որ այս տարի Հայաստանը նախագահելու է ԵԽ-ի նախարարների կոմիտեում, ինչը հնարավորություն կտա զարգացնել Երևանի և Ստրասբուրգի միջև համագործակցությունը: Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ իր առաքելության շրջանակում առավելագույն ջանքերը կգործադրի ԵԽ-ում Հայաստանի նախագահության և Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրում նախանշված գերակայություններն արդյունավետորեն կյանքի կոչելու համար: Կողմերը նաև մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների և գերակա ուղղությունների վերաբերյալ: