AM
5 Փետրվար 2013 - 08:06 AMT

Փաստաբան. Հայրիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան. ընտրությունները չեն հետաձգվի

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, հավելելով, որ այսպիսով ընտրությունները չեն հետաձգվի:

Փաստաբանի այս հայտարարությունից քիչ անց ասուլիսի սրահ մտավ նաև ինքը՝ Պարույր Հայրիկյանը:

«Ես եկա ցույց տալու, որ ներկա եմ` ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հենց ֆիզիկապես այստեղ: Փորձել են սպանել ոչ թե ինձ, այլ արժեքները», – ասաց նա: Պարույր Հայրիկյանը նշեց, որ ինքն արդեն «գործի մեջ է»:

«Թող ամեն հայ իմանա, որ որևէ ահաբեկչություն հայ քաղաքական կյանքը չի կարող շեղել բնականոն ուղուց», – հավելեց նախագահի թեկնածուն:

ԱԻՄ կուսակցության միջազգային կապերի պատասխանատու Կարո Եղնիկյանը հայտնեց, որ նոր ընտրություններ կազմակերպելն իրենք բացառեցին, քանի որ ոճրագործների նպատակը հենց Հայրիկյանին ոչնչացնելն ու նոր ընտրություններ անցկացնելն էին:

«Մեր գործն է այդ նպատակները խոչընդոտելը», – ասաց Կարո Եղնիկյանը:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի վրա հինգ օր առաջ մահափորձ էր իրականացվել: Հրազենային հարձակման արդյունքում վիրավորվել էր նրա աջ անրակը: Վիրահատությունից հետո թեկնածուն իրավունք ուներ դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու պահանջով: