ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր այցելեց «Կիլիկեան» դպրոց, որտեղ սովորում են այստեղ գտնվող սիրիահայ 714 երեխաներից 300-ը: Հրանուշ Հակոբյանն ասաց, որ երեխաները արդեն տիրապետում են արևելահայերենին. «Փոքրերն ավելի արագ են սովորում»,- ասաց նախարարն ու հավելեց, որ այն երեխաներն, ովքեր կշարունակեն սովորել ավագ դպրոցում, կմասնակցեն լրացուցիչ դասընթացների: Կլինեն նաև դասընթացներ այն աշակերտների համար, ովքեր ռուսերեն սովորելու ցանկություն կհայտնեն:
Հրանուշ Հակոբյանը խոսեց նաև սիրիահայ ընտանիքների աշխատանքի և բնակարանային խնդրի մասին. «Երկու խնդիր ունեն սիրիահայ ընտանիքները, առաջինը բնակարանային խնդիրն է, մեծ մասը վարձով է ապրում: Կարծում եմ, ժամանակն է, որ նրանք կենտրոնից տեղափոխվեն ծայրամասեր, որովհետև այնտեղ վարձը էժան է, հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց նախարարը: Նախարարի խոսքով՝ աշխատանքի դիմած 700 սիրիահայերից, մոտավորապես 400-ը արդեն ունեն աշխատանք: Մյուս կողմից էլ միևնույն զբաղմունքն ունեցող սիրահայերի համար փորձում են համատեղ գործ ստեղծել: Նախարարը նշեց նաև, որ եթե Սիրիայում պատերազմը շարունակվի, սիրիահայ երեխաների ուսումը դպրոցում կշարունակվի. «Այս ծրագիրը մեկ տարով չէ, ինչքան անհրաժեշտ լինի, դպրոցը կգործի»:
Հրանուշ Հակոբյանն այցի ընթացքում սիրիահայ երեխաների նկարչության մրցույթ հայտարարեց: Մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսի 1-ին՝ «Երեխաների պաշտպանության միջազգային» օրը:






