Այսօր առավոտյան մեզնից հեռացավ բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը: Արդեն ստեղծվել է հուղարկավորության կառավարական հանձնաժողով: Ըստ նախնական տվյալների՝ որոշվել է բանաստեղծի հուղարկավորությունը կատարել քաղաքային պանթեոնում: Քիչ առաջ երիտասարդ գրողները բաց նամակով դիմել են ՀՀ նախագահին, որտեղ խնդրում են, որ այս որոշումը փոխվի և բանաստեղծն իր վերջին հանգրվանը գտնի Կոմիտասի անվան պանթեոնում: Երիտասարգ գրողների բաց նամակում, մասնավորապես, ասվում է.
«Գրիգորյանը 60-ականների բանաստեղծական փայլուն սերնդի ամենաակնառու ներկայացուցիչներից է: Սերունդ, որ իրապես փոխեց հայ բանաստեղծության ընթացքը: Իր «Աշուն» աղմկահարույց բանաստեղծությամբ, այնուհետև 10-ից ավելի բանաստեղծական ժողովածուներով Գրիգորյանը հայ բազմադարյան պոեզիան բարձրացրեց բոլորովին նոր մակարդակի` սահմանելով բարձր նշաձող ու մեծ ազդեցություն թողնելով հետագայում ասպարեզ մտած գրեթե բոլոր բանաստեղծական սերունդների վրա: Նրա ստեղծագործությունը հայ գրականության այն բացառիկ մասնավորություններից է, որ բարձր է պահում մեր երկրի, մեր ժողովրդի, մեր գրականության հարգը նաև համաշխարհային գրականության անդաստանում:Պատահական չէ, որ նրա գրքերը թարգմանվել ու հրատարակվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:
Գրիգորյանը նաև բացառիկ ներդրում ունի համաշխարհային գրականության լավագույն արժեքները հայերեն թարգմանելու գործում, այն էլ` իսպաներենից: 2012-ին նա արժանացել է ՀՀ պետական մրցանակի: Հովհաննես Գրիգորյանը բացառիկ մշակութային երևույթ է, անհատականություն, որ մշտապես ունեցել է քաղաքացիական բարձր գիտակցություն և մեծապես նպաստել հայոց պետականության զարգացման ու կայացման գործընթացին: Աներկբա է, որ նա իր պատվավոր տեղը պետք է ունենա հայ գրականության, արվեստի ու մշակույթի մեծ դեմքերի կողքին` Կոմիտասի անվան պանթեոնում: Մենք` երիտասարդ գրողներս, գրականագետներս, խնդրում ենք ընդառաջել մեզ և համապատասխան կարգադրություն տալ, որպեսզի Հովհաննես Գրիգորյանի հուղարկավորությունը կատարվի Կոմիտասի անվան պանթեոնում»:






