ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը Սահմանադրական դատարան ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու դիմում կարող է ներկայացնել ընտրությունների նշանակված օրվանից 8 օր առաջ` մինչև փետրվարի 10-ը: Այդ օրը կիրակի է` ոչ աշխատանքային, սակայն, ՍԴ-ն կաշխատի: Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դատարանը հերթապահություն կսահմանի և եթե թեկնածուն դիմում ներկայացնի այդ օրը, ապա կընդունեն այն: Նա նաև հայտնեց, որ Պարույր Հայրիկյանից այս պահին որևէ դիմում չեն ստացել:
ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։






