Ադրբեջանի իշխանությունները լրջորեն մտահոգված են վերջին ժամանակներս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի նկատմամբ Անկարայի եւ Երեւանի դիրքորոշումների մերձեցման տեմպերի առնչությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, «Ցենտրալնոազիատսկիե նովոստի» թերթին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան մի պաշտոնյա: Աղբյուրի համաձայն, Բաքվի մտահոգությունը պայմանավորված է նրանով, որ մի շարք դիտորդների կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման դեպքում ադրբեջանական կողմին չի հաջողվի ինքնուրույն լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Ինչպես գրում է թերթը, Հայաստանի շրջափակումը վերացնելու Անկարայի մտադրության մասին լուրերը հիմք են ծառայել ադրբեջանցի մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաների այն հայտարարությունների համար, որոնց համաձայն, Երեւանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերացումը Բաքվում կընկալվի որպես դավաճանություն Թուրքիային կողմից: Սակայն նման հայտարարությունները հազիվ թե թուրք դիվանագետներին համոզեն հակառակում, գրում է թերթը: Ինչպես հայտնի է, հայկական սփյուռքը ուժեղ դիրքեր ունի Եվրամիության հիմնական երկրներում, օրինակ, Ֆրանսիայում եւ Գերմանիայում: Իսկ Անկարայում, ոչ առանց հիմքերի, կարծում են, որ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը յուրօրինակ անցաթուղթ կհանդիսանա դեպի Եվրամիություն: Ըստ աղբյուրի, Թուրքիայի համար հարեւան Հայաստանի շրջափակումը վերացնելու եւ նրա հետ առավել սերտ տնտեսական հարաբերություններ հաստատելու եւս մեկ պատճառ կա: Բանն այն է, որ այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպես, օրինակ, Կարսը եւ Վանը, չեն կարող բնականոն զարգանալ առանց առեւտրի: Խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի հետ առեւտրին: Եղած տեղեկությունների համաձայն, այդ հարցը բազմիցս դրվել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության օրակարգում, սակայն հարցի լուծումը ամեն անգամ հետաձգվել է քաղաքական նկատառումներով: Սակայն այժմ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ շրջափակման վերացումը եւ Երեւանի հետ սերտ հարաբերությունների հաստատումը Անկարայի կողմից կարող են տեղի ունենալ արդեն ամենամոտ ժամանակներս, ամփոփում է թերթը: