AM
11 Փետրվար 2013 - 11:22 AMT

Թեկնածու. Հայրիկյանի և ֆիզիկական, և հոգեբանական, և քաղաքական դրությունը բարդ է

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այս օրերին տատանվում է, և, ըստ մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի, հավանաբար պետք է հասկանալ, որ նրա և ֆիզիկական, և հոգեբանական, և քաղաքական դրությունը բավականին բարդ է այս հանցագործությունից հետո: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ Հայրիկյանի հետ կապված իրադարձությունները լարվածության մեջ պահեցին հասարակությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հարիկյանը, ում դեմ մահափորձ էր իրականացվել, նախօրեին դիմել էր Սահմանադրական դատարան` պահանջով, որ ընտրությունները հետաձգվեն երկու շաբաթով, իսկ այսօր կեսօրին հետ էր վերցրել իր դիմումը: Պարույր Հայրիկյանը նաև բաց նամակ էր հղել նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին` կոչով միավորվել և միասնական ուժերով պայքարել երկրի գլխավոր պաշտոնի համար:

«Այս լարվածությունն ինչ-որ ազդեցություններ կարող էր ունենալ քաղաքական պրոցեսների վրա, համարենք, որ այդ ազդեցությունները արդեն հասել են իրենց ավարտին, քվեարկության օրը չի տեղափոխվի: Իմ դիրքորոշումը նույնն է. երկրում ընտրությունները շինծու են, և այս շնծու ընտրություններին մասնակցող միասնական թեկնածու լինի, թե ոչ միասնական, դա քաղքական իրավիճակը փոխել չի կարող»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը: