AM
13 Փետրվար 2013 - 09:05 AMT

Այսօր կմեկնարկի «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծը

Այսօր կմեկնարկի «Հայպետֆիլհարմոնիայի» նախաձեռնած «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծը, որը կընթանա համերգ-դաս ձևաչափով: Նման դասերի նպատակը հայ երիտասարդներին հայկական երաժշտությանն ու մշակույթին հաղորդակից դարձնելն է, համերգի ընթացքում բանախոսը ստեղծագործությունը կներկայացնի և կմեկնաբանի հատված առ հատված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայպետֆիլհարմոնիա» ՊՈԱԿ տնօրեն Գագիկ Մանասյանը: «Ուսանողական ֆիլհարմոնիայի» նախագծի նախատիպ են հանդիսացել 1960-ականններին իրականացված դպրոցական ֆիլհարմոնիաները, որոնց ընթացքում երեխաներին մատուցվում և ուսուցանվում էր դասական երաժշտություն:

«Դպորցականների դաս-համերգները պարզապես կրթելու նպատակ ունեին, իսկ ուսանողականները նպաստում էին մշակույթի զարգացմանը: Մեր ունկնդիրները ունակ են զգալու և հասկանալու բարձրաճաշակ երաժշտությունը, որը նրանց մատուցվում է»,-ասաց Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և հավելեց, որ մեծ հաճույքով կաջակցեն հետագա նախագծերին:

Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշեց,որ Մշակույթի նախարարության համար մեծ պատիվ է նման նախաձեռնությանը իրականացնելուն աջակցելը, նա նաև հույս հայտնեց, որ նախագիծը շարունակական կլինի: Համերգը տեղի կունենա այսօր՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում: Մուտքն ազատ է: