«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիթորինգի արդյունքները:
Ըստ այդ արդյունքների, Հայաստանում կա 99 տարեկանից բարձր 196 ընտրող, 17 հասցե, ուր գրանցված են 100-ից ավելի ընտրողներ:
Ընտրացուցակներում առկա է 10773 հասցե, որոնցում հաշվառված է 10 և ավելի ընտրող: Հանրապետությունում առանց բնակության հասցեի 5715 ընտրող կա, իսկ 49843 ընտրողների մոտ բացակայում է ծննդյան օրվա և ամսվա տվյալները:
Այն քաղաքացիները, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել են իրավասու մարմիններին և ստացել անշարժ գույքի սեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականներ, հանվել են չհասցեավորված բնակելի տարածությունների հասցեների հաշվառումից և բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված կոնկրետ հասցեներում:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա և ընտրացուցակները կազմելիս հիմք են ընդունվում ՀՀ ընտրական օրենսգրքով ընտրացուցակներին վերաբերող բոլոր պահանջները:






