ՀՀ քաղաքացիները, որոնք փետրվարի 19-ին կգտնվեն Լեռնային Ղարաբաղում, չեն կարող քվեարկել Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործայալությունը, հայտարարել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի /ԿԸՀ/ նախագահ Սերգեյ Դավթյանը` հանդես գալով տեղական հեռուստատեսության եթերով: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ-ն համապատասխան տեղեկատվության համար դիմել է ՀՀ ԿԸՀ, որտեղ պարզաբանել են, որ Հայաստանի քաղաքացիները չեն կարող քվեարկել, քանի որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէ ընտրական տեղամասերի տեղակայում, ինչպես նաեւ բացակայում է Հայաստանի պաշտոնական դիվանագիտական առաքելությունը: