AM
20 Փետրվար 2013 - 12:05 AMT

ՀՅԴ. Արցախյան շարժման գաղափարները մեր գալիք հաղթանակների ուղենիշն են

ՀՅԴ-ն շնորհավորական ուղերձ է հղել Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

Սիրելի Հայրենակիցներ,

Այսօր, փոտրվարի 20-ին, լրանում է Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձը: Արցախյան պայքարի շնորհիվ ազատագրվեց մեր հայրենիքի մի հատվածը, ստեղծվեց մեր նորօրյա անկախ պետականությունը: Արցախյան շարժումը հայ ժողովրդին վերադարձրեց հպարտություն, սեփական ճակատագիրը տնօրինելու, պայքարելու և հաղթելու վճռականություն: Հաղթանակը հնարավոր դարձավ հայ ժողովրդի միասնականության, համահայկական ներուժի մեկտեղման, անմնացորդ նվիրումի շնորհիվ:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, համայն հայությունը նոր մարտահրավերների առջև են: Պարտավոր ենք գիտակցել, որ մեր ոգու և համատեղ ջանքի պահպանմամբ է հնարավոր Հայաստանի Հանրապետության հզորացումը, հայության իղձերի իրականացումը, Արցախյան ազատամարտի ձեռքբերումների իրավական ամրագրումը:

Հայրենակիցներ,

Շնորհավորում ենք բոլորիս Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Համոզված ենք` Արցախյան Շարժման գաղափարները մեր գալիք հաղթանակների ուղենիշն են, ասվում է Դաշնակցության շնորհավորական ուղերձում: