Մոսկվայի «Յունիպրես» հրատարակչությունը ռուսերեն լույս ընծայեց Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ օտոման» վեպը` Անահիտ Թոփչյանի թարգմանությամբ և փոքր-ինչ փոխված վերնագրով. «Բանկ օտոմանի գրավումը»:
Վեպի ռուսերեն հրատարակության առթիվ, հավանաբար, տեղին է հիշել, որ խորհրդային տարիներին, հայ հեղինակներից առնվազն 10-12 գիրք էր տպագրվում Մոսկվայում: Պատկերն այսօր կտրուկ փոխվել է: Մոսկվան, առաջվա պես, այլևս պարտավորված չէ թարգմանել և ներկայացնել անկախացած հանրապետությունների հեղինակներին: Այսօր որոշողը շուկան է կամ գործի գեղարվեստական մակարդակը: Տվյալ դեպքում, կարծում ենք, որոշիչը եղել է վերջինը:
Ապացույց, որ անկախությունից հետո ստեղծված արձակ կամ չափածո գործերից, թերևս, ոչ մեկն այսպիսի ուշադրության չարժանացավ թե Հայաստանում, թե դրսում: 2008թ. Երևանում տպագրվելուց հետո, վեց ամիս անց, 2009թ. վեպը, դասական ուղղագրությամբ, Բեյրութում լույս ընծայեց «Արծիվ» հրատարակչությունը, իսկ 2010թ. թերթոնով, ամբողջությամբ, տպագրեց ՀՅԴ օրգան «Երկիր» օրաթերթը: Երևույթ, որ հավանաբար հազվագյուտ է, քանի որ լրագրերը գեղարվեստական երկերը թերթոնով սովորաբար ներկայացնում են գրքով հրատարակվելուց առաջ, մինչդեռ այս անգամ թերթը հաջորդեց գրքին:
Գուցե տեղին է հիշել, որ Ալ. Թոփչյանի նախորդ վեպերն էլ, նույնպես, լույս տեսան պարբերական մամուլում և առանձին գրքով: «Կիրկե կղզի»-ին 1996թ. գրքով տպագրվելուց առաջ, 1995թ. միաժամանակ և ամբողջությամբ ներկայացրեցին «Գարուն»-ը և Բեյրութի «Շիրակ»-ը, իսկ «Եվ անգամ մահից հետո»-ն առանձին գրքով ընթերցող հանրությանը մատուցվելուց առաջ տեղ գտավ «Նոր Դար» հանդեսի էջերին: «Բանկ օտոման»-ի վերոնշյալ ռուսերեն թարգմանությունն էլ նախ և առաջ, ամբաղջությամբ, տպագրվեց «Լիտերատուրնայա Արմենիա» (2010թ. N3-4) հանդեսում: Նախկինում սովորական այս լավ ավանդույթն այսօր, ցավոք, գնալով դառնում է ավելի ու ավելի հազվադեպ:
Ինչ վերաբերում է օտար ընթերցողներին ներկայացվելուն, ապա 2010թ. «Բանկ օտոման»-ը թարգմանվեց ռումիներեն և տպագրվեց Բուխարեստում, 2011թ.` ֆրանսերեն, Փարիզում, և, վերջապես, 2012թ. ռուսերեն` Մոսկվայում:






