AM
21 Փետրվար 2013 - 13:45 AMT

Մեկնարկեցին «Մայրենիի օրվան» նվիրված տոնակատարությունները

Այսօր մեկնարկեցին «Մայրենիի օրվան» նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած տոնակատարությունները: Փետրվարի 21-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր», որն իր արժանի տեղն ունի հայոց պետական տոնացույցում: Տոնակատարությունների շրջանակում նախարար Հ. Հակոբյանը լեզվաբանների, գրականագետների և այլ անվանի մտավորականների ուղեկցությամբ այցելեց Օշական և ծաղիկներ դրեց սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Այնուհետև միջոցառման մասնակիցները եկեղեցու դպրատանը ներկա գտնվեցին Մեծ ուսուցչի անունը կրող դպրոցի սաների՝ մայրենիին նվիրված տոնահանդեսին: ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության կողմից համատեղ ստեղծված «Մայրենիի դեսպան» մեդալի առաջին օրինակը նախարարն ի պահ տվեց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու թանգարանին: Այնուհետև Հ.Հակոբյանը Մ.Մաշտոցի անվան դպրոցը պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:

Միջոցառման ավարտին Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Պարգև Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց Հ.Հակոբյանին ամեն տարի մայրենիի օրը Օշական այցելելու և տոնը մեծ հանդիսությամբ նշելու համար: Մայրենիին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Արդի լեզվաքաղաքականության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովովը, որը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը: