AM
22 Փետրվար 2013 - 13:23 AMT

Վաղը պարզ կդառնա` ով կներկայացնի Հայաստանը «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ին»

Հունվարի 22-ին պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ին»: Ժուրիի անդամները կընտրեն կիսաեզրափակիչը հաղթահարած 11 պարողներից մեկին:

Եզրափակչին ներկա կգտնվի նաև «Մանկական Եվրատեսիլ», «Պատանի պարողների Եվրատեսիլ» և «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ»-ի ղեկավար Վլադիսլավ Յակովլևը, ով եղել է նաև կիսաեզրափակչին: «Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան: Չնայած քիչ ժամանակ եմ այստեղ անցկացրել, բայց այն ինձ դուր է եկել: Կիսաեզրափակիչը ցույց տվեց մասնակիցների մեծ պատրաստվածությունը: Հայ մասնակիցների պատրաստվածության աստիճանը բավականին բարձր է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Յակովլևը:

Մասնակիցների պատրաստվածությունը բարձր գնահատեց նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող, ժուրիի անդամ Ռուբեն Մուրադյանը: «Մասնակիցները մեկը մյուսից լավն են ու յուրօրինակ: Մենք առաջին անգամ Հայաստանը պետք է ներկայացնենք պարի միջոցով: Դրա համար էլ այս մրցույթը շատ պատասխանատու է մեզ համար»,-հավելեց Մուրադյանը:

Դեռևս պարզ չէ, թե ինչ երաժշտության տակ կներկայանա Հայաստանի ներկայացուցիչը մրցույթում: Նախագծի պատասխանատում Գոհար Գասպարյանի փաստմամբ, գուցե դա լինի հայտնի երաժիշտների գործերից որևիցե մեկի փոքր- ինչ ձևափոխված տարբերակը:

Ժուրիի անդամների թվում են ՀՀ ժողովրդական արիստներ Վիլեն Գալստյանը, Հովհաննես Դիվանյանը, Նորայր Մեհրաբյանը, Աննա Մարիկյանըև Էլվիրա Մնացականյանը:

«Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթը կընթանա երեք փուլով: Առաջինի ժամանակ մասնակիցները կներկայանան մենապարով, որի համար նրանց կտրվի 1:30 րոպե: Երկորդ փուլում մասնակիցները կներկայացնեն խմբակային պար, իսկ երրորդում` կընտրվեն եզրափակիչ անցած երկու մասնակիցներ, ովքեր պետք է ցուցադրեն մենապար: «Մենապարի ժամանակ բարձր կգնահատվի մասնակիցների ինքնատիպությունն ու իմպրովիզ կատարելու ունակությունը»,-նշեց Յակովլևը:

«Պատանի պարողների Եվարտեսիլ»-ն առաջին անգամ անցկացվել է 1985 թվականին Իտալիայում: Այս տարի այն կանցկացվի Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին: Մրցույթին մասնակցելու է 10 երկիր: Հաղթողին որոշելու է ժուրիի անձնակազմը: