ՀՀ ԱԺ–ում նախագահական ընտրություններից հետո գումարված առաջին նիստը բավականին բուռն մեկնարկեց: Նախ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հորդորեցին քննարկել երկրում տիրող հետընտրական իրավիճակը: Սրան ի պատասխան ԱԺ նախագահը հայտարարեց, որ ԱԺ օրակարգը ԱԺ նախագահն է որոշում:
«Եթե ձեր տրամաբանությամբ 58,6%-ը պարտվում է 36,7%-ին, ուրեմն սա արդեն այլ հարց է»,– ասաց Հ.Աբրահամյանը։ Նա ասաց, որ իրենք հարգում են 500 հազար քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց խնդրեց հարգել հարգել նաև այն 861 հազար քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել Սերժ Սարգսյանին։ «Չեմ հասկանում, ո՞նց եք ընտրվել նախագահ։ Շատ եմ հարգում Րաֆֆի Հովհաննիսյանին, նրա կողմից կիրառված արևմտյան տեխնոլոգիաները, բայց իմ համար անհասականալի են հետընտրական զարգացումները»,-ասաց Հովիկ Աբրահամյանը՝ միաժամանկ նշելով, որ եթե հարկ լինի այս քառօրյայում այդ հարցը կքննարկվի:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ իր հերթին հարց ուղղեց, թե ուր են Սերժ Սարգսյանին ընտրած 861 հազար քաղաքացիները, ովքեր, ըստ նրա, այդպես էլ չեն երևում տարբեր քաղաքներում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքներին: «Դուք այդ թիվը խփել եք»,-ասաց Փոստանջյանը, ինչին ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Այդ 861 հազար քաղաքացիներն աշխատում են, որ հասնենք մեր հռչակած ապահով Հայաստանին»:






