Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումիը 2013թ-ը հայտարարել է Հայոց մշակութային ցեղասպանության դեմ պայքարի տարի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպայի հայերի միության ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Վերջինիս խոսքով` դիմում է ներկայացվել ՄԱԿ-ի նախագահ Բան Կի Մունին, որտեղ նշվել է Նախիջևանի խաչքարերի ոչնչացման մասին: Նամակի հեղինակները պահանջում են ստեղծել հանձնաժողով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում, որը կփաստի, որ ոչնչացվել են մոտ 10.000 խաչքար-կոթողներ: Կա խնդիր նաև British Museum-ի հետ կապված, որտեղ ցուցադրվում են հայկական նմուշներ Հնագույն Թուրքիա անվանմամբ:
«Պայքար է տարվում աշխարհի թանգարաններում հայկական ցուցանմուշները թուրքականի անվան տակ ցուցադրելու դեմ: Ինչքա՞ն կարող է սփյուռքը զբաղվել այն հարցերով, որոնց համար հսկայական գումարներ են տրամադրվում Մշակույթի նախարարությանը և Պատմության ինստիտուտին: Թույլ չենք տա, որ մեր մշակութային արժեքները ոչնչանան կամ անցնեն այլ ազգի: Սա մշտական պայքարի հերթական քայլն է»,-ասաց Գրիգորյանը: Բանախոսի խոսքով` շարունակում են պայքարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ` կապված Հին Ջուղայի գերեզմանաքարերի հետ: Գրիգորյանը նաև նշեց, որ հսկայական աշխատանք է տարվում մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հաագայի և Ստրասբուրգի դատարան «քարշ տալու համար»: «Նրա արտահանձնումը հետաձգվեց մեր աշխատանքի շնորհիվ, մենք ամռանն էլ կարող էինք թույլ չտալ նրա արտահանձնումը, սակայն ԱԳ նախարարի կողմից հրաման կա դեսպաններին չաշխատել մեզ հետ: Արտաքին գործերի նախարարության և դիվանագետների կողմից կարծես խանդ կա մեր գործունեության նկատմամբ, ինչի պատճառը կարող է լինել ժամանակին իմ կոշտ ելույթը հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված»,-նշեց Գրիգորյանը`հավելելով, որ իրենք շարունակելու են պայքարը, ամեն ինչ անելու են, փորձելու են համոզել զոհվածի ծնողներին գնալ դատարան, իսկ նրանք շատ հուսահատված են:






