AM
26 Փետրվար 2013 - 10:35 AMT

ՌեԱնիմանիան շուտով կթողարկի 2-րդ Մառանիի հայտերը

Այս տարի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը տոնելու է հնգամյա հոբելյանը, որը համընկնում է հայ անիմացիոն արվեստի 75-ամյակի հետ: Այդ առթիվ ՌեԱնիմանիան ընդլայնել է իր ծրագրերի շրջանակներն ու ծրագրաշարային առաջարկները: Այս տարի փառատոնի շրջանակներում հայ գործող անիմացիոն ստուդիաներն ու անհատները հնարավորություն կունենան մեկ ու կես ժամվա սահմաններում հասարակությանը, իրենց գործընկերներին, մրցակիցներին և ուսանողությանը ներկայացնել իրենց գործունեությունը, նոր ֆիլմերն ու գործող նախագծերը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են փառատոնի մամուլի բաժնից:

ՌեԱնիմանիան գործող հայ ստուդիաներին, անիմացիոն վարպետներին, բեմադրող նկարիչներին ու անիմացիոն ռեժիսյորներին փառատոնի շրջանակներում հնարավորություն կընձեռնի անիմացիոն ֆիլմարտադրության թեմատիկայով հատուկ վարպետության դասընթացներ վարել իրենց ցանկացած ֆորմատի մեջ 2D, 3D, տիկնիկային անիմացիա, ռեժիսուրա, նկարչություն: Փառատոնին մասնակցելու համար Երևան ժամանած հյուրերին հայ անիմացիոն ստուդիաներ ուղեկցելու ու նրանց գործունեության հետ ծանոթացնելու հնարավորություն կընձեռնվի համագործակցային հարաբերություններ հաստատելու նպատակով:

ՌեԱնիմանիան շուտով կթողարկի 2-րդ Մառանիի հայտերը: Մառանիի (Market of Animation) շրջանակներում անիմացիոն ստուդիաներին ու անհատ անիմատորներին կտրամադրվեն տաղավարներ հասարակությանը ստուդիաների գործունեության հետ ծանոթացնելու նպատակով: