AM
26 Փետրվար 2013 - 10:45 AMT

Բոլոր նախադրյալները կան հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման համար

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն:

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպան Բաբուի պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական հարաբերություններն ավելի կխորանան ու կամրապնդվեն, քանի որ դրա համար բոլոր նախադրյալներն առկա են, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են, որ հայ և հնդիկ ժողովուրդների ավանդաբար ջերմ հարաբերությունների հիման վրա Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերջին քսան տարիներին, տարբեր ոլորտներում զարգացել է երկկողմ սերտ համագործակցություն՝ հիմնված բարի կամքի և փոխադարձ շահերի վրա: Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու և խորացնելու այդ համագործակցությունը: