Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնն այս տարի կանցկացվի մարտի 2-ից-11-ը: Բրիտանական խորհրդի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այն նվիրված կլինի Ջրային համագործակցության միջազգային տարվան: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 2013 թվականը հռչակել է Ջրային համագործակցության միջազգային տարի: Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը, միանալով այս նախաձեռնությանը, ներկայացնում է ֆիլմեր նվիրված թեմայի բարձրաձայնմանը: Իսկ մարտի 11-ին Երևանում փառատոնի փակումը տեղի կունենա ջրի սակավության խնդիրներին նվիրված հայ ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տրամադրած վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ: Հայ ռեժիսորներն իրենց աշխատանանքերը նկարահանել են դեռ ամիսներ առաջ Բրիտանական խորհրդի հայտարարած «Ֆիլմ + H20» կինո-մրցույթի շրջանակում: «Ֆիլմ + H20» մրցույթի նպատակն է ֆիլմի միջոցով բարձրաձայնել մեր հասարակությունում առկա ջրի հետ կապված խնդիրներն ու մտահոգությունները:
Բրիտանական 9 ֆիլմերը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում ցուցադրվելուց հետո կներկայացվեն նաև մարզերում: Վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմերի ցուցադրությունից բացի, կազմակերպվելու են դասընթացներ և մրցույթներ, փառատոնը կշրջի նաև երեք մարզում` առաջին անգամ ընդգրկելով նաև զորամասերը:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին ժամը 15.00-ին Մոսկվա կինոթատրոնում՝ «Ակվարիում» ֆիլմով: Անդրեա Արնոլդի այս ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում և BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ: Փառատոնի ընթացքում կինոսերների ուշադրությանը կներկայացվեն այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Իմ երազանքների ձուկը», «Սև լճակ», « Գյուղ աշխարհի ծայրին» և այլն:






