Հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 5-ը Հայաստանում տեղի կունենան միջոցառումներ, նվիրված Հայ-իտալական բարեկամության օրերին: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով, առանցքային միջոցառումներից մեկը կլինի սբ.Ղազար կղզու գանձերի ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում, որը կշարունակվի մինչեւ տարեվերջ: Նա տեղեկացրել է, որ «այդ միջոցառումների անցկացման գաղափարը ծագել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի անցյալ տարվա աշնանը Վենետիկ կատարած այցի ժամանակ: Հենց այդ ժամանակ էլ գաղափար առաջացավ կազմակերպել «Հայ-իտալական բարեկամության օրեր» խորագրով խոշոր միջոցառումը, առավել եւս, որ Իտալիան եւ Հայաստանը համաձայնագիր են ստորագրել մշակութային ոլորտի վերաբերյալ, որը թույլ է տալիս կազմակերպել նման միջոցառումներ»,-հայտարարել է նա: Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարը նշել է, որ Վ.Օսկանյանը եւ ԱԳՆ-ն ընդհանուր առմամբ մոտենում են այդ հարցին ոչ միայն որպես մշակութային միջոցառմանը, այլ նաեւ որպես քաղաքական նշանակություն ունեցող իրադարձության, քանի որ Հայաստանը ընդգրկված է Նոր հարեւանության եվրոպական քաղաքականության մեջ, եւ «մեր մոտեցումն է ընդգրկել այս միջոցառումը այդ ծրագրի շրջանակներում»: Իր հերթին Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն տեղեկացրել է որոշ միջոցառումների մասին, որոնք կանցնեն հայ-իտալական բարեկամության օրերի շրջանակում, եւ նշել է, որ Իտալիայի կառավարությունը արել է ամեն ինչ, որպեսզի անցկացվող միջոցառումները մատչելի լինեն Հայաստանի բնակչության համար: Նրա խոսքերով, «Իտալիան այս օրերին իր սիրով, բարեկամությամբ եւ հարաբերությունները ամրապնդելու ցանկությամբ է լցրել Երեւանը»: «Մենք պետք է օգտագործենք մեր ժողովրդների եւ մշակույթների մերձեցման այս հնարավորությունը»,-հայտարարել է նա: