AM
1 Մարտ 2013 - 14:42 AMT

ԵՊՀ-ն դատապարտում է ռեկտորի օգնականի պահվածքը, բայց աշխատանքից չի ազատում

ԵՊՀ ռեկտորատը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում նշված է. «Վերահաստատելով մեր հավատարմությունը խոսքի ազատության արժեքին և մեր համոզմունքը ցանկացած երևույթ ազատորեն քննարկելու հարցում, ըմբռնումով մոտենալով Համալսարանի մի խումբ ուսանողների վրդովմունքին՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորատը դատապարտում է խոսքի ազատության և քաղաքակիրթ վարքագծի սահմանն անցնող բոլոր անթույլատրելի երևույթները՝ լինեն դրանք ուսանողուհու կողմից մատներով ցուցադրվող անպարկեշտ ժեստեր, թե՛ ռեկտորի օգնականի կողմից անթույլատրելի արտահայտություններ, թե՛ դասադուլին կողմ և դեմ հանդես եկող որոշ ուսանողների կողմից հայհոյանքներ:Դիմում ենք բոլորին՝ դրսևորել փոխադարձ հարգանք և իրարամերժ տեսակետներ լսելու ունակություն: Զսպվածության ու կոռեկտության կոչ ենք անում նաև այն լրատվամիջոցներին, որոնք դեպքերը մեկնաբանելիս օգտագործում են մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ, տարածում են ապատեղեկատվություն և խուսափում համակողմանի լուսաբանման գործելաոճից»:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանն աշխատանքից չի ազատվել:

«Հիմք չկար: Ռեկտորատը որոշեց, որ նրա պահվածքը դատապարտելի է, բայց բավարար հիմք չէ աշխատանքից ազատելու համար», – ասաց Կարեն Գրիգորյանը: