AM
2 Մարտ 2013 - 06:55 AMT

Սուր շնչառական վարակների և թոքաբորբերի առումով շտապ օգնության կանչերի թվի աճ է գրանցվել

Ներկայումս հանրապետությունում նկատվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնային սրացում: Իրականացվող մշտադիտարկման արդյունքում հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 1,4 անգամ (2013թ. փետրվարի 11-17-ին` 3579, 18-24-ին` 5033 դեպք): ՀՀ առողջապահության նախարարությունից PanARMENIAN.Net-ի հայտնում են, որ վերջինս պայմանավորված է ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ, այնպես էլ գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ։

Սուր շնչառական վարակների և թոքաբորբերի առումով նաև շտապ օգնության կանչերի թվի աճ է գրանցվել: Հանրապետության մարզերի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում ներկայումս բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 198, թոքաբորբերի թեթև ձևերով` 74 հիվանդ, իսկ Երևանում` սուր շնչառական վարակներով բուժվում է 161 հիվանդ, թոքաբորբի թեթև ձևերով` 143: Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելիությամբ:

Փետրվարին հանրապետությունում կազմակերպվել և իրականացվել է լաբորատոր վիրուսաբանական 236 հետազոտություն, որից 75 նմուշում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, իսկ 23-ում` Բ տեսակը: Մնացած նմուշներում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել: