AM
2 Մարտ 2013 - 09:53 AMT

Երևանում կբացվի «Գրական սրճարան» և «Պոեզիայի պուրակ»

Լոնդոնում հիմնված «PEN» ակումբը 1986թ-ի մարտի 3-ը հռչակեց Գրողների համաշխարհային օր: Սա մասնագիտական տոն է, որը ԽՍՀՄ տարիներին չէր մտնում տոնացույցի մեջ: Այս տոնի հիմքում արդեն 27 տարի խոսքի, տեղեկատվության ազատությունն է, գրողին գնահատելը, նրա ստեղծագործությունը տարածելը: «Հայաստանի կառավարությունը 8 տարի է՝ աջակցում է գրքի հրատարակությանը, հատկացնում է 140 մլն դրամ տարբեր գրքեր տպագրելու համար: Գիրքը աստիճանաբար դառնում է ապրանք, մանավանդ մանկական գրականությունը»,-լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ այսօր ասաց «Գրողների միության նախագահ» Լևոն Անանյանը: Մոտ 3 շաբաթ առաջ բացվել է «Նոր գիրք» գրախանութը:

«Մի մասը համաձայն չէր գրախանութի բացմանը, ասում էին գրադարաններ կան, թող գնան այնտեղ կարդան: Մենք շեշտը դնում ենք ժամանակակից գրականության վրա : Հիմա գրախանութներում քիչ են ժամանակակից գրողների գործերը: Մենք փորձեցինք գետնանցումներից գրքերը բերել գրախանութ: Մենք ունենք նաև 10-ը գրական մամուլ, որոնց մի մասը գոյությունը պահում է ստեղծագործական շատ դժվար ջանքերի շնորհիվ»,-ասաց Լևոն Անանյանը: Լևոն Անանյանը նշեց, որ այսօր գրողի աշխատանքը պետք է գնահատվի: Խնդիրը հոնորարի հարցն է: Թերթերը ընդհանրապես չունեն հոնորարային ֆոնդ: «Մենք գրական կամուրջ ենք ստեղծում Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Սլովակիայի, Ռումինիայի հետ, կատարում ենք թարգմանություններ»,-ասաց ՀԳՄ նախագահը:

Վերջում նա հավելեց, որ «Նոր գիրք» գրախանութի դիմաց կբացվի «Գրական սրճարան»: Կբացվի նաև «Պոեզիայի պուրակ», որտեղ ապրիլի 15-21-ը 30 երկրիներից Երևան ժամանած հյուրերը կտնկեն մեկական ծառ: Այստեղ կանցկացվեն տարբեր միջոցառումներ, կներկայացվեն գրողների գրքերը: Իսկ ապրիլի 15-21 կանցկացվի «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» փառատոնը, որով կամփովի «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շարքը: