AM
7 Մարտ 2013 - 11:50 AMT

120 նկարչուհի՝ 140 ստեղծագործություն. Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսում միայն կանայք են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված «Գարնանային մեղեդի» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացմանը: Արդեն վեցերորդ տարին անընդմեջ, Մարտի 8-ին ընդառաջ կազմակերպվող ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում են կին նկարիչների ստեղծագործություններ: Այս անգամ ցուցահանդեսին մասնակցել են 120 նկարչուհի՝ 140 ստեղծագործություններով: Քաղաքապետը շրջել, ծանոթացել է աշխատանքներին և զրուցել ու շնորհավորել է հեղինակներին:

Այնուհետ, պատասխանելով լրագրողների հարցերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ նկատել է, որ Կանանց միջազգային օրվան ընդառաջ արվեստասեր հասարակությանը կին ստեղծագործողների աշխատանքների ներկայացման նման հնարավորության ընձեռումը, ըստ էության, յուրովի գնահատանք է նրանց հանդեպ:

«Այս միջոցառումը արդեն ավանդական է դարձել, ինչն իր հերթին վկայում է, որ այն իսկապես հաջողված նախաձեռնություն է: Օգտվելով առիթից, շնորհավորում եմ թե ստեղծագործող և թե, ընդհանրապես բոլոր հայ կանանց այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ու մաղթում նրանց երջանկություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում», – նշել է քաղաքապետը:

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի աջակցությամբ կազմակերպված «Գարնանային մեղեդի» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: