ԱՄՆ-ն աջակցություն կցուցաբերի Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման գործում, ինչը թույլ կտա ամրապնդել երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Այդ մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին հայտնել է ԱՄՆ-ում այցով գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով, ԱՄՆ-ում ուշադիր հետեւում են Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացմանը, մասնավորապես, նախագահական նախընտրական մրցարշավի ընթացքին: Միեւնույն ժամանակ նախարարը հաղորդել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման առնչությամբ, մասնավորապես, «Ջեքսոն-Վենիկի» ուղղումը վերացնելու, ինչպես նաեւ երկու պետությունների միջեւ առեւտրի առավել բարենպաստ ռեժիմի ձեւավորման հարցը: «Բացի այդ, դրված է Հայաստանին ԱՄՆ-ի օգնության հարցը, որի շրջանակներում մենք փորձում ենք պահպանել օգնության ծավալները նախկին մակարդակի վրա»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: