Հայաստանում ապրիլի 1-7-ը անցկացվելու է «Արևավիշապ» գրաֆիկական հումորի 1-ին միջազգային փառատոնը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Նկարիչների միության ֆեյսբուքյան էջից:
Փառատոնն անցկացվում է Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներն ավարտելու առիթով: Կազմակերպիչներն են Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան և Հայաստանի նկարիչների միությունը` Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի թեմաներն են` գիրքն ու գրատպությունը, ըստ ցանկության: Փառատոնին կարող են մասնակցել երգիծանկարիչները, գրազարդարներն ու գրաֆիկները: Յուրաքանչյուր մասնակցի աշխատանքների (երգիծանկարների, շարժերի, ստրիպների, կոմիքսների, և այլն) քանակն անսահմանափակ է:
Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է մարտի 22-ը: Ցուցադրությունը մեկնարկելու է ապրիլի 1-ին: