Ժամանակին աքցան են հնարել, և դա թերևս մեծ գյուտ է համարվել: Հակոբ Հակոբյանն էլ այդ գյուտից մարդ կերտեց, ու դա նորից մեծ գյուտ համարվեց:
Ինչքան պետք է սիրել մարդկանց, որ անգամ աքցանների մեջ մարդ տեսնել: Երբ աքցանը դառնում է զգայուն կոնք ու սրունք, երբ բանալին դառնում է սիրավառ սիրեկան, դժվար է մարդ լինել ու չսիրել…
Երբ մարդիկ սիրում են, ընտանիք են կազմում: Հակոբյանն էլ չէր կարող իր սիրառատ աքցան-արարածներին երկար միայնակ թողնել և «տղա» աքցանի ողից ստեղծեց «աղջիկ» աքցանին և ամուսնացրեց: Ընտանիքը կատարյալ չէ, եթե երեխաներ չկան… դե ինչ` այդ բացն էլ լրացվեց:
Մարդը բնության մեջ մենակ չէ: Դե մեր «Արարիչն» էլ նույն աքցաններից «ստեղծեց» ձիեր, որ աքցանները հեծնեն, կովեր, որ աքցանները կթեն, նաև` ընձուղտ, բադ, արագիլ (գուցե բազմազանության համար): Համենայն դեպս, Հակոբյանը իր արարած մարդկանց ու կենդանիներին բնակեցրեց Մեծ Արարչի ստեղծած բնության մեջ, թերևս միայն մի քիչ մեղմացնելով գույները:
Բոլոր հանճարեղ գյուտերը պարտական են պատահականությանը: Կուզեի իմանալ` այդ ինչ անպետք մեխ էր որոշել դուրս քաշել Հակոբ Հակոբյանը, որ ձեռքը աքցան վերցրեց:






