AM
12 Մարտ 2013 - 09:58 AMT

Դաշնակահար Հայկ Մելիքյանը մեկամսյա համերգային շրջագայություն է սկսում

Մեկնարկում է հայ դաշնակահար Հայկ Մելիքյանի գարնանային եվրոպական համերգային շրջագայությունը, որում դաշնակահարն այս անգամ կրկին կարևոր մասնաբաժին է հատկացրել հայ երաժշտությանը: Եվրոպական մեկամսյա շրջագայության առաջին կանգառը Ամստերդամ քաղաքն է, որտեղ մարտի 10-ին «Geelvinck» թանգարանը կհյուրընկալի դաշնակահարին` հենց հայ երաժշտության ծրագրով: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում է դաշնակահարի մենեջերը, համերգի ընթացքում հնչելու են հայ ժողովրդական մեղեդիների դաշնամուրային փոխադրումներ` Կոմիտաս, Ռ.Անդրեասյան, Գ.Սարաջյան, Ս.Բալասանյան, Ա.Բաբաջանյան, ինչպես նաև Հ.Դելլալյանի` Կոմիտասին նվիրված սոնատը:

Դաշնակահարն այս ընթացքում կներկայանա մի շարք եվրոպական քաղաքներում և մեկամսյա շրջագայությունը կավարտվի ապրիլի 9-ին, Գերմանիայի Վուպերտալ քաղաքում տեղի ունենալիք համերգով, որտեղ դաշնակահարը կկատարի Վիլլի Վայների «Դաշնամուրային պիեսներ in C» շարքը: Սա դաշնակահարի և կոմպոզիտորի առաջին համագործակցությունն է և առաջիկայում այն կշարունակվի պիեսների ձայնագրության և ձայնասկավառակի թողարկման ձևաչափով:

Համերգային շրջագայությունից հետո երևանյան ունկնդիրը Հայկ Մելիքյանին առիթ կունենա ունկնդրելու Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրային կոնցերտի կատարմամբ` մայիսի 17-ին` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր` Ռուբեն Ասատրյան: