Մարտի 15-ից 17-ը Հայաստանում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, մարտի 12-ի համեմատ 8-10 աստիճով: Պատճառն այն է, որ հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններից սկիզբ առած հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեցին ԱԻՆ համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները և տեղեկացրեցին նաև, որ մարտի 18-ին սպասվող տեղումները կարագացնեն բարձր ջերմաստիճանների արդյունքում կիսահալված վիճակում գտնվող ձյան հալոցքը։ Գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների և բնակավայրերի ջրածածկում:Այսօր արդեն ջերմաստիճանը նորմայից 5-8 աստիճան բարձր է:
«Թող տպավորություն չստեղծվի, թե մեծ աղետ է սպասվում: Ուղղակի կարևոր է, որ մենք իրազեկենք, որ մարդիկ իմանան, որ կա վտանգ և այն չվերածվի աղետի, մարդկանց վնաս հասցնող դժբախտության»,- ասաց ԱԻՆ լրատվական ծառայության պետ Նիկոլայ Գրիգորյանը:
Հայաստանում նմանատիպ երևույթ դիտվել է 2004 թ. մարտի 5-6-ն ընկած ժամանակահատվածում, երբ ձյան ծածկի բարձրությունը 2-3 անգամ փոքր էր, քան ներկայումս: Դիտված (նմանատիպ ջերմային ֆոն կանխատեսվում է հենց մարտի 15-17-ին) օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով գետերի մեծ մասում, մասնավորապես` Դեբեդի, Հրազդանի, Քասախի, Ախուրյանի և Արփայի գետավազաններում դիտվեցին վտանգավոր և անբարենպաստ ելքեր:
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ` հանրապետության մարզային փրկարարական վարչությունները տեղեկացվել են եղանակի սպասվող փոփոխությունների ու հնարավոր ջրածածկումների վերաբերյալ և տեղի մարզպետարաննների համապատասխան ծառայությունների հետ սկսել են իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ։
Դեռևս փետրվարի վերջին ԱԻ նախարար Ա. Երիցյանը գրությամբ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` 2013 թ. գարնանային վարարումների և սելավների վտանգներից ՀՀ բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով ՀՀ ԱԻՆ կողմից գետերի, հեղեղատարերի և սելավատարերի հուների հեղեղավտանգ հատվածների ուսումնասիրությունների արդյունքում մշակված անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկություններ։






