Մերկապարանոց դիմում՝ առանց փաստական հիմքերի: Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ ընդունած որոշումը վիճարկող գործով պատասխանող կողմի՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսպես է բնորոշում ՍԴ ներկայացրած Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը:
«Ապացույցներ չկան, իսկ կից նյութերն ապացույցների պատրանք ստեղծելու համար են: Ներկայացված են սկավառակներ, որոնց մասին դիմումում խոսք չկա, դրանք ի՞նչ են ապացուցում, իսկ մեր ուսումնասիրությունից հետո պարզվեց, որ դրանք սահմանափակ թվով տեղամասերի և դեպքերի են վերաբերում»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Ըստ նրա՝ դիմող կողմը ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր բերելու փոխարեն վերլուծութուններ է ներկայացրել, որոնք անգամ իրենք լիարժեք չեն ուսումնասիրել:
«Անգամ կողմը չներկայացրեց, թե իր, այսպես կոչված ապացույցներն, ինչն ապացուցելու համար էին ներկայացված բարձր դատարանին: Այստեղ ոչ միայն սահմանադրական իրավունքի, այլև Ընտրական օերնսգրքի չիմացություն է: Տեղին է հիշել արջի և յոթ երգի պատմությունը»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Պատասխանող կողմը գտնում է, որ իր կայացրած որոշումն իրավաչափ է, դիմումներն՝ անհիմն, և խնդրեց ՍԴ-ին մերժել դրանք:






