AM
14 Մարտ 2013 - 10:48 AMT

Քաղաքագետ. Եթե Ռուսաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, ռուսական ներկայությունն ինչների՞ս է

Ռուսաստանի լավագույն դաշնակից պետությունը Հայաստանն է, բայց Ռուսաստանը ցանկանում է աշխատել իրեն հավասար դաշնակցի հետ, և Հայաստանն այս առումով անելիք ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Ռուսաստանն, առանց Հայաստանի օժանադակության, ոչինչ է»,- հայտարարեց քաղաքագետը: Անդրադառնալով մարտի 12-ին Մոսկվայում երկու երկների նախագահների հանդիպմանը, Լևոն Շիրինյանը նկատեց, որ նախագահների հանդիպման օրակարգում պետք է դրվեր Ռուսաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը: «Եթե մենք ռազմավարական գործընկերներ ենք, ինչո՞ւ Ռուսաստանը չի ճանաչում Արցախը: Պուտինը շտապեց շնորհավորել Սերժ Սարգսյանին՝ հենց Արցախի ճանաչումից խուսափելու համար, բայց եթե չի ճանաչում Արցախի անկախությունը, ռուսական ներկայությունն ինչների՞ս է պետք»,- հայտարարեց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանն անդրադարձավ նաև Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գնի բարձրացմանը. «Ռուսաստանն, այնուամենայնիվ, բարձրացնելու է գազի գինը, քանի որ Ռուսաստանում բարձրանում է գազի արդյունահանման գինը, ինչպես նաև ռուսական կողմը մշտապես հնարավորություն ունի գազով շանտաժ անելու»: