AM
15 Մարտ 2013 - 13:32 AMT

Ազգային ժողովի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր

Մարտի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը` նշելով, որ այն ամուր հիմքերի վրա է դրված և տվել է իր դրական արդյունքները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ազգային ժողովը բարձր է գնահատում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի գործունեությունը, որը հիմնված է ԵԱՀԿ սկզբունքների, անվտանգության և կայունության ամրապնդման, մարդու իրավունքների, քաղաքական, իրավական, մամուլի ազատության, բնապահպանական և տնտեսական համագործակցության իրագործման վրա: Անդրադառնալով ՀՀ ԱԺ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի միջև ստորագրվող Համագործակցության հուշագրին` Ազգային ժողովի նախագահն այն գնահատեց որպես հաջող համագործակցության ևս մեկ օրինակ, որը թույլ է տալու հզորացնել խորհրդարանի կարողությունները: Նա կարևորեց օրենսդրական բարեփոխումների հարցում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությունը` վստահություն հայտնելով, որ ՀՀ Ազգային ժողովի և ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակի միջև համագործակցությունը կլինի շարունակական, հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Անդրեյ Սորոկինը նույնպես բարձր գնահատեց ԵԱՀԿ-Ազգային ժողով արդյունավետ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում և այս համատեքստում կարևորեց ստորագրվող Համագործակցության հուշագիրը: Պարոն Սորոկինը ԱԺ նախագահին ներկայացրեց հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպումից հետո, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ փոխնախագահների, ԱԺ հանձնաժողովների և խմբակցությունների ներկայացուցիչների ներկայությամբ Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ստորագրեցին Համագործակցության հուշագիր: