Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հայ բեմի և կինոյի վարպետներից մեկի՝ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Թատրոնում, կինոյում և հեռուստաներկայացումներում Ձեր մարմնավորած կերպարներից շատերը դասականի համարում ունեն թե անդիսատեսի, թե մասնագետների գնահատականներում: Որպես հայրենադարձ հայ արվեստագետ և քաղաքացի՝ Դուք մարմնավորում եք մեր ժողովրդի միասնական ջանքն ու ձգտումը դեպի բարին և գեղեցիկը, դեպի արարումն ու ստեղծագործությունը:
Ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ապրել մեր մշակութային կյանքի խնդիրներով, մայր թատրոնի մտահղացումներով: Շարունակում եք արժանիորեն վայելել Ձեր հանդիսատեսի՝ մեր ժողովրդի սերն ու հարգանքը, շարունակում եք արժանապատվորեն կրել Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումները: Կրկին շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն և անսպառ եռանդ»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928թ. մարտի 19-ին, Բուխարեստում: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1947թ. ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում: 1958թ-ից տեղափոխվել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն: Խաղացել է Շիրվանզադեի «Պատվի համար»` Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»` Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»` Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»` Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»` Իշխանուհի դերերը:
1958թ-ից նկարահանվել է հեռուստաներկայացումներում: Եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից: Արժանացել է ՀԽՍՀ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: