Ֆրանկոֆոնիայի միամսյակի մեկնարկի կապակացությամբ Հայաստանում գտնվող ծագումով հայ ֆրանսիացի երգչուհի Հելեն Սեգարան Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Անրի Ռենոյի ուղեկցությամբ ս.թ. մարտի 19-ին այցելեց Երևանի կոնյակի գործարան: Ըստ նախատեսված ծրագրի` հյուրերը այցելեցին Երևանի կոնյակի գործարանի հնացման արտադրամաս, որտեղ ծանոթացան հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական պրոցեսին:
Պատվիրակությունը կանգ առավ նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Երգչուհին գրառում կատարեց գործարանի հուշագրքում:
Հավելենք, որ այսօր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա Հելեն Սեգարայի համերգը: Միջոցառումը տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: