Գաֆէսճեան քանդակների պարտեզում հայտնվել են բրիտանացի արվեստագետների աշխատանքներ, որոնք ուղղակիորեն կապված են Լոնդոնում 2012 թվականին անցկացված Օլիմպիական խաղերի հետ: Նրանց թվում են քանդակագործ Ջոն Քլայվի «Սպեկտրալ սյուների շարքը», որը ներկայացվել է օլիմպիական ավանում, և հայտնի երիտասարդ արվեստագետ Թոմ Հիլի պայտերից պատրաստված բնական չափերի «Օլիմպիական ձիերը»:
Հաջորդ կենդանակերպ քանդակները տեղ են գտել 50-ամյակի հուշարձանին հարակից կանաչապատ տարածքում: Բրիտանացի քանդակագործ Ուիլֆրեդ Պիտչարդը ունի տարբեր փիլիսոփայական ենթատեքստերով սյուրռեալիստական աշխատանքներ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում է հայտնվել նրա պողպատե հսկայական «Տարանտուլ» սարդը:
Կենդանակերպ քանդակների շարքում են նաև ֆրանսիացի հայտնի քանդակագործ Դանուի երկու աշխատանքները՝ «Զեբր» և «Գառնուկ»: Դանուն հայտնի է երկաթե շիթերից ստեղծված աշխատանքներով, որոնք թափանցիկ սիլուետային տպավորություն են ստեղծում՝ միևնույն ժամանակ իրենց հարթայնության մեջ եռաչափություն փոխանցելով:
Թանգարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ թանգարանի այս հատվածում է տեղադրվել նաև Ջեննի Փիքֆորդի «Հսկայական խատուտիկը»: Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու այս արվեստագետի այլ աշխատանքներին նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի շարժասանդուղքներին կից հարթակներում՝ «Զանգակածաղիկ» և «Կյանքի շրջաններ»:






