Նախորդ շաբաթ Արշակունյաց պողոտա 9 հասցեում գտնվող Սառցակոմբինատի շենքը ժապավենապատվեց: Երևանցիների համար այս կապույտ ժապավենները արդեն վաղուց որևէ հուշարձանի ավերումն ազդարարող առաջին նշաններից մեկն են:
1950 թվականին ճարտարապես Գրիգոր Աղաբաբյանի նախագծով կառուցված և 2004 թվականի կառավարության N 1616-Ն որոշմամբ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ներառված շենքի վրա փորձում են պատուհաններ բացել:
Այս շենքի վրա անցքեր, դուռ-լուսամուտ բացելու փորձերն ի սկզբանե ենթադրում են, որ մի բան այն չէ:
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը (Shur Dabavog) համոզված է, որ եթե ամեն ինչ արվեր օրենքով սահմանված կարգով, բացառված է, որ նման թույլտվություն տային, քանի որ «այս շենքի բացառիկությունը նրանում է, որ այն չունի պատուհաններ»:
«Այդ շենքը արդյունաբերական սառնարան է, դուռ ու պատուհան չունի, այն ունի խուլ ճակատ, որին ճարտարապետը կարողացել է գեղարվեստական լուծում տալ»,-բացատրում է ճարտարապետը:

Փորձեցինք պարզել՝ ով է որոշել անցքեր բացել շենքի վրա և ինչու:
«Երբ բանվորները գան, եկեք նրանցից էլ իմացեք»,-մեր հարցերին ի պատասխան ասաց շենքի պահակը, ում խոսքով՝ բանվորները օրը մի քանի ժամ են աշխատում:
Դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն:Մինչ հարցման պատասխանն ստանալը ամեն օր այցելել ենք Սառցակոմբինատ՝ բանվորներին հանդիպեու հույսով, բայց աշխատանքները դադարեցվել են, բանվորներն էլ չկան:
Իսկ թե ինչու են դադարեցվել աշխատանքներն իմացանք նախարարության պատասխան գրությունից, որն ստացել ենք այսօր և որտեղ, մասնավորապես, ասվում է. «Արշակունյաց փողոցի 9 հասցեում գտնվող «Սառցակոմբինատ» տեղական նշանակության հուշարձան-շենքի հ. 1 մասնաշենքում կատարվող փոփոխությունների նախագիծն օրենքով սահմանված կարգով համաձայնեցվել է 12.02.2008 թվականին:
Շենքի քանդման լուրը չի համապատասխանում իրականությանը:
Միաժամանակ, հաշվի առնելով օրենսդրական դաշտում տեղի ունեցած փոփոխությունները՝ նախարարությունը որոշել է առաջիկայում հարցը կրկին քննարկել: Կատարվող աշխատանքները դադարեցվել են, և նախարարությունը համապատասխան գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան` առաջարկելով ձեռնարկել համապատասխան միջոցներ մինչև հարցի վերջնական լուծում ստանալը»:
Հետաքրքիր զուգադիպությամբ, հենց այսօր ՄԻՊ գրասենյակը հրապարակել է Օմբուդսմենի տարեկան զեկույցի Մշակույթի նախարարության գործունեության ոլորտին առնչվող հատվածը:
«Նախարարության կողմից մշտադիտարկումներ են իրականացվել միայն առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի ստուգման ուղղությամբ, այնինչ փորձը ցույց է տալիս, որ կարիք կա հսկողություն սահմանել նաև այլ հուշարձանների նկատմամբ նույնպես»: Հետքրքիր զուգադիպությամբ՝ ահա այն ամենը ինչ վերաբերում է հուշարձանների հանդեպ նախարարության հոգածությանը: Այն նախարարության, որը այդ նույն հուշարձանների վրա պատուհաններ բացելու թույտվություն տալու քրոնիկ սովորություն ունի:
Հ.Գ Մենք կհետևենք քաղաքապետարանի որոշումներն, ինչպես նաև կփորձենք պարզել թույլտվության տրամադրման ընթացակարգի հետ կապված մանրամասներ:






